
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն աջակցություն է հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոսին
Աջակցիր «Ա1+»-ինՄեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ Անթալիասում (Լիբանան) կայացած Ազգային կենտրոնական և քաղաքական ժողովները դատապարտել են «Հայաստանի իշխանությունների հարձակողական վերաբերմունքն Ամենայն Հայոց կաթողիկոսի և Էջմիածնի բարձրաստիճան հոգևորականների վրա»: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը զորակցություն է հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոսին:
Ըստ հոգևոր մարմնի՝ ՀՀ Սահմանադրության մեջ շեշտված է, որ եկեղեցին անկախ է, իսկ եկեղեցու և եկեղեցականների հարցերը պիտի քննվեն եկեղեցականների կանոնադրության համաձայն, պետությունն իրավական հիմք չունի միջամտելու:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն մի քանի օր՝ ոչ մի գրառում չի արել Վեհափառի և բարձրաստիճան մյուս հոգևորականների մասին, սակայն նախքան այդ մոտ երկու շաբաթ ամեն օր եկեղեցականների և մասնավորապես Ամենայն Հայոց կաթողիկոսի մասին էր գրում: Սկսել էր վիրավորանքներով, հետո պահանջել, որ Մայր Աթոռը պարզաբանի՝ արդյո՞ք Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, ապա պնդել, թե զավակ ունի, վերջում էլ Վեհարանը Վեհափառից ազատելու գործողությունների ծրագիր ներկայացրել:
Մայր Աթոռի դիրքորոշումն է՝ եկեղեցական հարցերը՝ եկեղեցական կանոններով: Գարեգին Երկրորդ Վեհափառ հայրապետը հայտարարել է՝ հավատում է, որ «խոհեմությամբ, առանց ավելորդ հուզականության պիտի կարողանան հաղթահարել այս դժվարությունը»։