Ներկայացվել է ԵՊԲՀ նոր գրադարանի վերափոխման և արդիականացման նախագիծը
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի պետական բժշկական համալսարանում տեղի է ունեցել ԵՊԲՀ նոր գրադարանի վերափոխման և արդիականացման մեկնարկին նվիրված հանդիսավոր միջոցառում:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը, ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կառույցների ներկայացուցչություններ:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել և շնորհավորել է ներկաներին կարևոր նախաձեռնության մեկնարկի առիթով և ուրախությամբ նշել, որ այս նախագծի համատեքստում փոխվում է գրադարանի հանրային նկարագիրը:
«Գրադարանները տարածքներ են, որոնք իրականում երբեք պետք է չփակվեն, որտեղից երբեք պետք է չուզենաս դուրս գալ, որովհետև դրանք նորը բացահայտելու, աշխարհն ուսումնասիրելու, ճանաչելու, պրպտելու տարածքներ են, իսկ այն մարդու, հատկապես ուսանողի ամենակարևոր անելիքներից է: Վստահ եմ, որ Երևանի պետական բժշկական համալսարանում ստեղծվող գրադարանը լինելու է օրինակելի և ուղենշային մի կառույց՝ գրադարանային աշխատանքի և հետազոտության առումով: Կարևոր է նաև նման գրադարանների կառավարումը, որովհետև յուրաքանչյուր նոր ստանդարտ նաև անընդհատ թարմացման ու զարգացման կարիք ունի»,- նշել է նախարարը և հավելել, որ ենթակառուցվածքները խթանում են փոփոխությունները` նպաստելով մարդկանց կարողությունների և հմտությունների զարգացմանը:
Նախարարի նշմամբ՝ Երևանի պետական բժշկական համալսարանն այն կառույցներից է, որը վստահորեն գնում է զարգացման և նորարարությունների ճանապարհով, ինչպես նաև ակտիվ գործունեություն է ծավալում միջազգային ուսանողների ներգրավվածության ուղղությամբ:
«Հենց այս քայլերով է, որ մենք նաև բուհի վարկանիշի օրեցօր աճ ենք տեսնելու՝ հասնելով նաև կրթության ռազմավարությամբ սահմանված միջազգային վարկանիշային սանդղակի առաջին 500-ում տեղ ունենալու թիրախին: Ներկայում այս ուղղությամբ մեծ ջանքեր է ներդնում ՀՀ կառավարությունը. վերջին տարիներին միայն գիտական տարբեր սարքերի ծրագրով, նաև Նորարարությունների մրցակցային հիմնադրամի դրամաշնորհների միջոցով բուհերում ավելի քան 1,1 միլիարդ դրամի կապիտալ ներդրում ենք կատարել»,- ասել է նախարարը և հաջող մեկնարկ մաղթել ծրագրին:
Նա շնորհակալություն է հայտնել «Կերոն» զարգացման հիմնադրամի ղեկավարներին համատեղ այս և այլ ծրագրերի իրականացման համար:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և «Կերոն» զարգացման հիմնադրամի համատեղ՝ ԵՊԲՀ գրադարանի վերափոխման նախաձեռնությանը նվիրված միջոցառման ընթացքում նիդերլանդական «Defesche van den Putte» (DVDP) ճարտարապետական ընկերության ներկայացուցիչներն առաջին անգամ հանրությանը ներկայացրել են գրադարանի նոր նախագիծը, տեխնիկական լուծումները, նպատակներն ու ակնկալվող արդյունքները։
Հանդիսավոր արարողությունից հետո հյուրերը շրջայց են կատարել տարածքում, ծանոթացել ապագա գրադարանի նախատիպային սենյակին:
«Կերոն» զարգացման հիմնադրամի այս նախագծի հիմնական նպատակն է վերածել համալսարանական գրադարանը բազմաֆունկցիոնալ կենտրոնի: Նախաձեռնությունն իրականացվում է` համագործակցելով միջազգային հեղինակություն ունեցող նիդերլանդական DVDP ճարտարապետական ընկերության հետ, որը հայտնի է իր բազմաբնույթ նորարարական նախագծերով քաղաքաշինության, կրթության, մշակույթի ոլորտներում: Այդ նախագծերի շարքում են Ռոտերդամի Էրազմուս համալսարանի, Մաաստրիխտի համալսարանի և Հաագայի թագավորական գրադարանները:
Նախագիծը միտված է արմատապես վերափոխելու համալսարանական գրադարանի դերը՝ այն վերածելով ժամանակակից, բազմաֆունկցիոնալ միջավայրի, որը միավորում է կրթությունը, հետազոտությունը, համագործակցությունն ու հանգիստը մեկ տարածքում։ ԵՊԲՀ գրադարանի վերափոխման նախաձեռնությունը եզակի է ոչ միայն կոնցեպտուալ մոտեցմամբ, այլև մեծածավալ բնույթով։
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ