
Ավստրիայի դպրոցներից մեկում հրաձգությունից առնվազն 8 մարդ է զոհվել
Աջակցիր «Ա1+»-ինԱվստրիայի Գրաց քաղաքի դպրոցներից մեկում աշակերտի կողմից հրաձգության հետևանքով առնվազն 8 մարդ զոհվել է, ևս մի քանիսը, այդ թվում՝ աշակերտներ և ուսուցիչներ, վիրավորվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ավստրիական պետական ORF հեռուստառադիոընկերությունը։
Ոստիկանությունը հայտարարել է, որ սկսել է լայնածավալ գործողություն իրականացնել երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաք համարվող Գրացում։
Ավստրիայի ներքին գործերի նախարարությունը հաստատել է, որ զոհերի թվում է նաև ենթադրյալ հանցագործը: Ոստիկանության խոսնակ Ֆրից Գրունդնիգի խոսքով՝ ենթադրվում է, որ նա ինքնասպան է եղել: Հաղորդվում է նաև աշակերտների և ուսուցիչների շրջանում մի քանի ծանր վիրավորի մասին։
Ավստրիական այլ լրատվամիջոցներ հաղորդում են 11 զոհի մասին։
Տեղեկությունների համաձայն՝ այժմ դպրոցի շենքից մարդիկ տարհանվում են: Ոստիկանությունը նաև հաստատել է, որ ժամը 10:00-ին ստացված ահազանգից հետո ընթացիկ գործողությանը մասնակցում են մի քանի պարեկային ջոկատներ և «Կոբրա» հատուկ ստորաբաժանումը:
Իշխանությունները կարծում են, որ կրակոցների ժամանակ օգտագործվել են մի քանի զենքեր, և կարող են ավելի շատ զոհեր լինել։
Գրաց քաղաքը գտնվում է երկրի հարավ-արևելքում և ունի մոտ 300 000 բնակիչ։