
Փաշինյանի գրառումները՝ ուղղված եկեղեցուն, առաջացրել են արձագանքների նոր ալիք
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 30-ի առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է մի շարք գրառումներ՝ մեկնաբանելով Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու վերաբերյալ հարցեր։ Դրանք հաջորդել են կառավարության նախորդ օրվա նիստին, որի ընթացքում վարչապետը նշել էր՝ «մեր եկեղեցիները չուլանացված են», այդ եզրույթը վերագրելով եկեղեցու ներկայիս վիճակին։
Հաջորդ գրառումներում Փաշինյանը շեշտել է կուսակրոնության ուխտի պահպանման հարցը․
«Իսկ անհրաժեշտ է առերեսվել հարցին, թե մեր եպիսկոպոսաց դասից քանի՞ հոգի է հավատարիմ կուսակրոնության ուխտին»։
Այլ գրառմամբ վարչապետը բարձրացրել է նաև հետևյալ հարցադրումը․
«Ի՞նչ է լինում, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգեւորականը խախտել է կուսակրոնության ուխտը։ Նա զրկվում է պաշտոնից, աստիճանից եւ փիլոնից։ Հիմա ո՞րն է բարոյապես ավելի ազնիվ. կամավոր հրաժարական տալ, թե ընկնել մտատանջությունների գիրկը»։
Վարչապետն անդրադարձել է նաև նախկինում իր անձնական կյանքին վերաբերող քննարկումներին՝ գրելով․
«Ոմանց հուզել է, որ ես պաշտոնապես ամուսնացած չեմ։ Մեր հոգեւոր վերնախավի կեսը նույն վիճակում է, ու դա ոմանց չի հուզում»։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը այս հրապարակումների վերաբերյալ առայժմ արձագանք չի հայտնել։
Նշենք, որ իշխանություն–եկեղեցի լարվածությունը շարունակվում է արդեն չորս տարի։